Рубрика: Ուսումնական նյութեր

Աշխարհի ամենալավ, ամենահոյակապ, ամենահրաշալի պապիկները Յան Պաուլ Սխուտեն և Կեյս դը Բուր

Հայկը ունի երեք պապիկ: Երեքն էլ նույն տան մեջ միասին են ապրում: Դե, նա, իհարկե, երեք տատիկ էլ ունի: Բայց տատիկները պապիկների ձեռքը կրակն ընկել, տեղափոխվել են բոլորովին ուրիշ՝ հեռո՜ւ, շա՜տ հեռու մի տեղ՝ ոչ ավել, ոչ պակաս նույն փողոցի դիմացի մայթի տուն: Այս շաբաթ Հայկն իր պապիկների մոտ է մնալու: Նրանց մոտից է գնալու դպրոց: Իսկ դպրոցը բավականին հեռու է: Դրա համար պապիկները Հայկի համար հեծանիվ են հավաքել: Միայն թե հեծանիվը փոքր-ինչ խարխուլ է: — Հա՛յկ, — ասում է Անուշավան պապը, — տե՛ս, թե քեզ համար ի՜նչ ընտիր հեծանիվ ենք հավաքել: — Շնորհակալություն, — ասում է Հայկը, — բայց չէի ասի, թե ընտիր է: Անվադողերը ծակ են, ղեկը թեք է, ակները ծուռ են, նստարանն էլ իսկի ամրացված չէ: — Դե լավ, հա՜, — ասում է Մնացական պապը, — ես քո տարիքում շա՜տ ուրախ կլինեի այսպիսի հեծանիվ ունենալու համար: Իմ հեծանիվի դողերը միշտ ծակ էին լինում: — Դողե՞րը: Դողերից ես խոսում, — բացականչում է Պատվական պապը, — բախտավոր երեխա ես եղել: Իմն իսկի դողեր չուներ, ակները փայտից էին, նստարանն էլ ոչ մի անգամ ամրացված չէր լինում: — Ձերը դեռ լավ է, — ասում է Անուշավան պապը, — իմ հեծանիվն ուներ փայտե, քառակուսի ակներ, նստարան ընդհանրապես չուներ և ուներ ընդամենը մեկ ոտնակ: — Պա՜հ, դա էլ է մեծ բան, — ասում է Մնացական պապը, — իմ առաջին հեծանիվն ակներ չուներ: Հեծանիվ հո չէր, հեծան էր: Ամեն օր եղանի վրա ցատկոտում էի դպրոց: -Երանի՜ քեզ, — ասում է Պատվական պապը, — մի քանի ամիս մի հեծանիվ ունեի, ջարդուփշուր եղավ այնպես, որ նրանից միայն մի ժանգոտ ձող մնաց: Էդ ձողի վրա ցատկոտելով դպրոց էի գնում: Իսկ դպրոցը երեսուն կիլոմետր հեռու էր: — Ավելի մոտիկ դպրոց չկա՞ր, ի՞նչ է — հարցնում է Հայկը: — Չէ՛, չկար, — ասում է Անուշավան պապը, — բայց կար ավելի հեռուն: Ես ամեն օր քառասուն կիլոմետր գնում, քառասուն կիլոմետր ետ էի գալիս, մի քառակուսի, ժանգոտ փայտե անիվի վրա: — Քո գնալ-գալը խաղուպար է եղել, Անուշավա՜ն, — ասում է Մնացական պապը, — հո ինձ նման լեռների վրայով չես գնացել դպրոց: Պատվական պապը ծիծաղում է: — Դու էդ փոքրիկ բլրակներին լեռներ անունն ես տալիս, հա՞: Մեր լեռների համեմատ դրանք փոսե՜ր էին: Մեր դպրոցը երկրի ամենաբարձր սարի գլխին էր. տարին տասներեք ամիս ձյուն էր նստած լինում: — Ո՞նց թե, տարին տասներեք ամիս…, – զարմանում է Հայկը: — Դե, լավ, հա…,– ասում է Պատվական պապը, — էդ լավագույն դեպքում: Հաճախ ավելի երկար էր մնում: — Էդքան բա՞ն: Երանի՜ քեզ, — ասում է Անուշավան պապը, — Երկրի ամենաբարձր սարն ես ասում: Իմ դպրոցն Ուրալյան լեռների գլխին էր գտնվում: Ամռանն էլ այնտեղ երեսուն աստիճան ցուրտ էր: Ժամերով ձյուն էի ճեղքում, որ դպրոցը գտնեմ: — Ոչ թե երկրի, այլ աշխարհի՜ ամենաբարձր սարի մասին էի խոսում, — վրա է բերում Պատվական պապը,-իսկ այնտեղ, երբ կանգնում էի ոտնաթաթերիս վրա, ձեռքս հասնում էր լուսնին: Ու դեռ տունդարձի ճամփան էլ էր ելնում սարնիվեր: — Այո, տղաս, մեր ժամանակ այդպես էր, — Հայկին է ասում Պատվական պապը: — Ամեն առավոտ ես ժամը հինգին էի վեր կենում, որ հասցնեի թերթերը բաժանել: — Երանի քե՜զ, կարգին փափուկ կյանք ես ունեցել, — բացականչում է Անուշավան պապը, — ժամը հինգի՜ն: Ինձ համար, մինչև հինգը քնելը արքայություն կլիներ: Ես գիշերը երկուսին տասնհինգ պակաս էի վեր կենում, որ թերթերը տանեմ, հասցնեմ թերթ բաժանողներին: -Երանի ձե՜զ, — ասում է Մնացական պապը, — տեղը տեղին քնել եք: Ես թերթերի գործարանում էի աշխատում ու դեռ քուն չմտած արդեն վեր էի կենում: — Ամենատհաճ բանն այն էր, որ մեկ-մեկ անձրև էր գալիս, — ասում է Անուշավան պապը: — Մեկ-մե՞կ, — հարցնում է Պատվական պապը: Անուշավան պապը օրորում է գլուխն ու ասում՝ — Մեզ մոտ անձրև ամեն օր էր գալիս: Նարնջի չափ խոշոր կաթիլներով: Մյուս պապիկները լռում են: Ի վերջո Անուշավան պապը կանչում է՝ — Ուզում եմ ասել՝ ձմերուկի չափ կաթիլներով էր գալիս:

— Այդքան բան, հա՞, — ասում է Մնացական պապը, — մենք դա անձրև չէինք էլ համարի: Ես դպրոց գնալիս միշտ մի խողովակ ու դիմակ էի վերցնում հետս: Ու երբ թաց գուլպաներս քամում էի, հատակը ծայրից ծայր թրջվում էր: Պատվական պապը բարձր ձայնով հորանջում է: — Երանի՜ ձեզ: Իսկ ես, երբ անձրևաջուրը ականջիցս դուրս էի թափում, ամբողջ դասասենյակն էր հեղեղի մեջ կորչում: — Այդքան բան, հա՞, — որոտում է Մնացական պապը, — հա՜-հա՜-հա՜, փափկակենցա՜ղ: Այնտեղ, որտեղ ես ականջիցս ջուր եմ թափել, գետ է գոյացել, անունն էլ՝ Դանուբ: — Դանո՞ւբը, — բացականչում է Հայկը, — Եվրոպայի ամենամեծ գետն է Դանուբը: — Ճիշտ ես, — ասում է Մնացական պապը, — Այդ օրվանից ամենամեծն է: — Իմ ճանապարհի ամենավտանգավոր մասը ջունգլիներով էր անցնում, — ասում է Պատվական պապը, — հո ճանապարհ չէր, ավազակների դարան էր: Իսկ պաշտպանվելու համար ունեցած-չունեցածս խաղալիք ատրճանակ էր: — Այ քե՜զ բան, — բացականչում է Հայկը, — ավազակնե՜ր: — Դե, — ասում է Պատվական պապը, — տասից ավել չէին լինի: — Խաղալիք ատրճանա՞կ, — հարցնում է Անուշավան պապը, — Այ, մա՜րդ: Երանի իմ ձեռքի տակ էլ նման մի բան լիներ: Իմ դպրոցի ճամփան օվկիանոսով էր անցնում: Նավակիս վրա հարձակվող ծովահեններին քշելու համար ես իմ սարքած փայտե սուրն էի գործածում: — Իսկ ծովահենները…, — ասում է Հայկը: — Նրանք ատրճանակներ ու թնդանոթներ ունեին, հետն էլ միաչքանի էին, — ասում է Անուշավան պապը: — պատկերացնո՞ւմ ես: — Այդքան բան, հա՞: Երանի ձե՜զ, — ասում է Մնացական պապը, — Հյուսիսային բևեռն անցնելուց հետո ես ամեն օր թաթարների մի ամբողջ կատաղի բանակի հետ էի հանդիպում: Տանկերով ու թնդանոթներով: Իսկ ես նրանց փաթաթած տետրով էի հաղթում: — Ամե՞ն օր, — հարցնում է Հայկը: — Օրը երկու անգամ, — ասում է Մնացական պապը, — մի անգամ դպրոց գնալիս, մի անգամ էլ՝ վերադառնալիս: — Այդպես է, Հա՛յկ, — ասում է Պատվական պապը, — բայց դե, ինչ էլ լիներ, դպրոց էինք գնում: Հիշում եմ՝ շաբաթներ շարունակ դպրոց էի գնում կոտրված ոտքով ու երբ վերջապես հասնում էի, ուսուցչուհին ասում էր. «Դե՛, երեխաներ, արդեն երեքն անց կես է: Մինչ վաղը»: — Կոտրված ոտիկով, — ծիծաղում է Անուշավան պապը, — պա՜հ, պա՜հ պա՜հ: Այդքան բա՞ն: Մի անգամ ես դպրոց եմ գնացել երկու փշրված ոտքով, տասնինը կոտրված կողով ու քառասունվեց աստիճան ջերմությամբ: Ու երբ վերջապես հասա դպրոց, տեսա ցուցանակ, որի վրա գրված էր. «Արձակուրդի պատճառով փակ է»: — Է՜հ, — փնչացնում է Մնացական պապը, — ուրեմն իմ համեմատ բողկի պես առողջ ես եղել: Ես ոտքից գլուխ ջարդուփշուր եղած էի: Ու դեռ մի բան էլ կարմրախտ, խոզուկ, ջրծաղիկ, կարմրուկ ու թոքաբորբ ունեի, չհաշված, որ նշիկների վիրահատություն էի տարել: Բայց և այնպես դպրոց գնացի: Հասնեմ տեղ, ի՞նչ պարզվի՝ դպրոցի տեղում ավտոկայանատեղի են սարքել: — Այո, Հայկ, — ասում է Պատվական պապը, — դրանք ուրիշ ժամանակներ էին: — Ճիշտ է, Հայկ, — ասում է Անուշավան պապը, — դրանք շատ ուրիշ ժամանակներ էին: — Իրոք որ, — ասում է Մնացական պապը, — այսօրվա երեխաներդ մեր համեմատ շա՜տ փափուկ կյանքով եք ապրում: — Հերիք եղավ, բոլ եղավ. վերջ դրե՜ք ձեր փուչ պատմություններին, — բացականչում է Արմենուհի տատիկը: Նա ամեն ինչ լսել ու ջղայնացած մոտենում է պապիկներին: — Հերի՞ք չէ պահեք երեխային: Դպրոցից ուշանում է: — Իրոք, — ասում է Տիգրանուհի տատիկը, — ո՞վ է հավատում ձեր հեքիաթներին: — Դու գնա՜ դպրոց, Հա՜յկ, շուտ արա՜, — ասում է Մաքրուհի տատիկը, — ուշանում ես… — Չեմ ուշանա, — ասում է Հայկը, — կարճ ճանապարհ գիտեմ: Այդ ճանապարհով որ գնամ, հաստատ չեմ ուշանա: Եվ Հայկը ճանապարհ է ընկնում: Երբ Հայկը հասնում է դպրոց, ուսուցչուհին դռան մոտ սպասում է նրան: — Ըհը, Հայկ, — ասում է ուսուցչուհին, — լավ էլ ժամանակին ես հասնում: — Ես, պապիկներիս մոտ եմ մնում, — ասում է Հայկը, — նրանք քաղաքից բավականին հեռու են ապրում: Լավ է, որ ինձ համար հեծանիվ են հավաքել: — Ի՜նչ, — բացականչում է ուսուցչուհին, — այդքան երկար ճանապարհը դրանո՞վ ես անցել,- ուսուցչուհին մատնացույց է անում անիվը, որով Հայկը հասել է դպրոց,- դա՞ է հեծանիվը: — Գիտե՜մ, գիտե՜մ,- ասում է Հայկը, — երանի ինձ:

Реклама

Автор:

Բարև ձեզ ես, Ինեսա Հոբոսյանն եմ սովորում եմ Հարավային դպրոցի 3.1 դասարանում: Շատ եմ սիրում իմ դպրոցը որովհետև մենք այնտեղ անում ենք շատ հետաքրքիր բաներ, ի դեպ սիրում եմ գրքեր կարդալ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s